14 ապրիլի 2018 - 22:49 AMT
ԵՊՀ ու «Հանրային Ռադիո» ներխուժելու առիթով նյութեր են նախապատրաստվում

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքողների կողմից ԵՊՀ գլխավոր մասնաշենք ու «Հանրային Ռադիոյի» շենք ներխուժելու փաստերի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նյութերը նախապատրաստելու հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, նշվում է հաղորդագրությունում։

Խոսելով ապրիլի 13-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենք մուտք գործելու մասին, դատախազությունը գրում է, որ ցուցարարները փորձել են դռները վնասելով մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: «Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը», - նշվում է հայտարարությունում:

Ապրիլի 14-ին՝ Հանրային Ռադիոյի մասնաշենք ներխուժելու առնչությամբ, նշվում է, որ ցուցարարները ջարդել են ռադիոյի դռներից մեկը։ Ավելի ուշ ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և «ազատել զավթված շենքը»: «Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը», - մասնավորապես, նշվում է հողորդագրությունում: