14 ապրիլի 2018 - 23:35 AMT
Հանրային ռադիոյի տնօրենը շենքի գրոհի մասին․ «Ոնց որ, բողոքելով դեղատան դեմ, գնաս հացի խանութ գրավես»

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը մեկնաբանել է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի վերաբերյալ Փաշինյանի տեսակետը։

«Ռադիոլուրի» հաղորդմամբ, նա հերքել է մեղադրանքներն առ այն, որ ռադիոն չի լուսաբանում ընդդիմության բողոքի ակցիաները Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

«Քո խոսքերը և քո գրավելը ցույց են տալիս, որ ոչ դու, ոչ էլ քո հետևորդները չեք լսում Հանրային ռադիոյի եթերը, որովհետև մենք բոյկոտի չենք ենթարկել ձեր շարժումը և լուսաբանել ենք ամեն ինչ»,- Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը փոխանցեց Մարկ Գրիգորյանը։

Գրիգորյանը նշել է նաև, որ Փաշինյանի հետ զրույցում, մեկնաբանելով Հանրային ռադիոյի շենքը ներխուժելը, ասել է, թե «Դա նույնն է, որ բողոքելով դեղատան դեմ՝ գնաս հացի խանութը գրավես»։

Ապրիլի 14-ին «Իմ քայլը» ու «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ներխուժել են Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով եթեր տրամադրել հանրահավաքի մասին հայտարարություն հնչեցնելու համար։ Միաժամանակ նրանք հայտարարել են, որ գործողությամբ բողոքն են հայտնում Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստատեսության ու այլ հեռուստաալիքների եթերում իրենց ակցիաների «տեղեկատվական բլոկադի» դեմ։ Ռադիոն հրաժարվել է ուղիղ եթե տրամադրել՝ փոխարենն առաջարկելով Փաշինյանին հարցազրույց 19։00-ին ուղիղ եթերում, սակայն նա մերժել է առաջարկը։ Պատգամավորը կարդացել է կոչը ռադիոեթերի համար նախատեսված սենյակից՝ այլ լրատվականների եթերում, ու հեռացել։

Փաստի առթիվ ոստիկանությունում գործ է նախապատրաստվում։