16 ապրիլի 2018 - 11:26 AMT
Ռուսական ԶԼՄ-ներ. Իրավապահները ձեռնպահ են մնում ուժային գործողություններից

Ըննդիմությունը փակել է Երևանի որոշ փողոցներ ու խաչմերուկներ՝ այդպիսով նրանք բոլողում են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու դեմ, գրում է ռուսական ՏԱՍՍ-ը:

«Մենք քաղաքացիական անհնազանդության ակցիա ենք սկսել: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին պառկել մեքենաների առջև, փակել փողոցներն ու պողոտաները, խափանել մետրոյի աշխատանքը: Նրանք, ովքեր դեմ են, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պետք է հավաքվեն Բաղրամյանի պողոտայում, ԱԺ շենքի մոտ»,-հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պարբերականը նշում է, որ ապրիլի 16-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ «բոլոր գործողություններն ապօրինի են, սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժը», սակայն այնուամենայնիվ, իրավապահները դեռևս ձեռնպահ են մնում ուժային գործողություններից:

Ինտերֆաքս իր հերթին, գրում է, որ Երևանի ամբողջ կենտրոնւմ փակվել են փողոցներ և խաչմերուկներ, ժամանակ առ ժամանակ բախումներ են լինում վարորդների և ցուցարարների միջև: Ասվում է, որ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ ակտիվիստները թողել են ավտոմեքենաները միացած ազդանշաններվ և պառկել են երթևեկելի մասում: Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կողմնակիցները պետք է հավաքվեն Բաղրամյանի փողոցում՝ խորհրդարանի շենքի մոտ, իսկ իրավապահներն արգելել են ցուցարարներին մոտենալ ԱԺ շենքին: