16 ապրիլի 2018 - 11:46 AMT
Ռուստամյան. Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակում

Մայրաքաղաքում փողոցների փակ լինելը չի խանգարել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հասնել Ազգային ժողով։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուստամյանն ասել է, որ ինքը, չնայած երթևեկության կաթվածահար վիճակին, հեշտությամբ է հասել աշխատանքի։

«Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատել։ Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակում։ Եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում է», - ասել է Ռուստամյանը, հայտնում է Aysor.am-ը։

Վերջինս ընդգծել է, որ ընդդիմության այս քայլերին իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ Ռուստամյանը կոչ է արել ոստիկանությանը զուսպ գտնվել։

«Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, որոնք, ի վերջո, բացվել են։ Հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողություններ են, որոնք հանգեցնելու են համապատասխան արձագանքի իշխանության կողմից», - հավելել է նա՝ ընդգծելով, որ որևէ երկրում նման գործողությունները չեն կարող օրինական համարվել։

«Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է զուսպ մտնել ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել։ Ո՞ր մի երկրում է դա թույլատրված, ոչ մի կոնվենցիայով նման բան թույլատրված չէ», - ասել է նա։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն, Ռուստամյանը նրանց կոչ է արել «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով չշարժվել, քանի որ դա միշտ վատ հետևանքների է բերում:

Իրադարձությունների զարգացումը թարմացվող լրահոսում: