Ապրիլի 16-ին Ազգային ժողովում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով, նիստը տեղի կունենա ժամը 13։00-ին, հայտնում է Aysor.am-ը։
«Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին ժամը 12։00-ին խորհրդարանում գումարվող հատուկ նիստի ժամանակ», - ասել է Բաղդասարյանը:
«Մենք մեր բնական գործընթացը պետք շարունակենք։ Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը», - ասել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը։ Հատուկ նիստը կանցկացվի Երևանում:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Հայաստանի վարչապետի ընտրության Ազգային ժողովի հատուկ նիստը Երևանում չի կայանալու:
ՀՀԿ գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Իրադարձությունների զարգացմանը կարող եք հետևել թարմացվող անդրադարձից: