16 ապրիլի 2018 - 14:25 AMT
Ոստիկանությունը կոչ է անում Փաշինյանին չշրջափակել փողոցները

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Երևանի կենտրոնում ընթացող ընդդիմության ցույցերի վերաբերյալ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ «իրավապահները բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը: Շարունակվում է սահմանափակվել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Նման իրավիճակը հանգեցրել է այլ անձանց հիմնական իրավունքների և հանրության շահերի սահմանափակմանը»:

«ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին՝ անվերապահորեն կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավաքի կազմակերպչի պարտականությունները, մասնավորապես՝ դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը», - ասվում է հայտարարությունում։

Ապրիլի 16-ի առավոտյան ընդդիմությունը մասսայական անհնազանդության ակցիաներ սկսեց մայրաքաղաքում։ Մի շարք փողոցներ փակելուց հետո մի քանի հազար ցուցարար հավաքվել է Ֆրանսիայի հրապարակում։