28 մարտի 2008 - 18:47 AMT
Երեւանը Բուխարեստում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս ունի
Պաշտոնական Երեւանը հուսով է, որ ապրիլի 2-4 սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բուխարեստում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների հերթական փուլը: «Մենք հուսով ենք եւ ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բուխարեստում հնարավոր դառնա»,- ուրբաթ օրը Մոսկվայում ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հայաստանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները բանակցությունների սեղանին գտնվող փաստաթղթի հիման վրա, հաղորդում է Թրենդ ադրբեջանական գործակալությունը:

Մարտի կեսերին Ադրբեջանի նախագահի Աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հաղորդել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբից նման առաջարկություն ստացվի եւ Ադրբեջանի նախագահը մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա Ադրբեջանի ղեկավարը կարող է դիտարկել այդ հարցը: Ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան կասկած է հայտնել Բուխարեստում հայ եւ ադրբեջանցի ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Նա դա հիմնավորել է նրանով, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակացելու Բուխարեստի գագաթնաժողովին, իսկ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը անցնելու է իր նախագահական պարտականություններին միայն ապրիլի 9-ին: