16 ապրիլի 2018 - 17:18 AMT
Հավաքի մասնակիցների գործողությունների փաստերով քրգործեր են հարուցվել

2018 թվականի ապրիլի 13-ից սկսած ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Փաստի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Հայտարարության մեջ ասվում է, որ չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

«Ապրիլի 16-ին առավոտվանից շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները: Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաև քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Քրեական գործերը նշված փաստերի առթիվ հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով:

Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։ Տուժել է նաև «Քաղաքացիական կուսակցության» անդամ և «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակՆիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:Տուժել է նաև 3 ոստիկան:

Փաշինյանը Նաիրի ԲԿ-ում լրագրողներին հայտնել է, որ շուտով միանալու է ցուցարարներին: Նա ասել է, որ իր աչքը վնասվել է ձայնային նռանակից, և կոչ է արել ոստիկանությանը չկիրառել այդ միջոցը ցուցարարների դեմ: