17 ապրիլի 2018 - 10:46 AMT
Ռուս փորձագետ. «ՀՀ-ին նախանձել կարելի է»՝ ընդդիմադիր գործունեության հնարավորություն կա

Հայտնի ռուս փորձագետներն անդրադարձել են Երևանում 5-րդ օրը շարունակվող ՀՀԿ առաջնորդ և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերին:

ՌԴ Ռեգիոնալ նախագծերի ինստիտուտի նախագահ Բորիս Նադեժդինը կարծում է, որ Հայաստանում ձևավորվել է բողոքի ակցիաների անցկացման սեփական «ավանդույթ»: Ըստ նրա, ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների, Հայաստանում կա ընդդիմադիր գործունեություն ծավալելու իրական հնարավորություն և այդ իմաստով «Հայաստանին միայն նախանձել կարելի է», հայտնում է Rusarminfo-ն:

«Կան երկրներ, որտեղ ընդհանրապես ընդունված չէ ամբոխներով փողոց դուրս գալ, ինչ էլ պատահի՝ օրինակ, Ռուսաստանը: Կան երկրներ, որտեղ հենց որ մի բան այն չէ, անմիջապես վրաններ են հայտնվում և վռնդում են նախագահին, նախագահները փախչում են, ինչպես Վրաստանում և Ուկրաինայում: Իսկ Հայաստանը միշտ այդ երկու դրսևորման մեջտեղում է եղել»,-ասել է Նադեժդինը:

ՌԴ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի նախագահ Ալեքսեյ Մարտինովը կարծում է, որ Հայաստանում կա «բողոքների ակտիվության սեփական ավանդույթը», սակայն, չի ընդունում ակցիաների առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ համարելով, որ նա սադրանքի է գնում:

«Ես միանգամայն կողմ եմ, որ մարդիկ սեփական կարծիքը հայտնելու իրավունք ունենան, այդ թվում կարողանան դա անել բողոքի տեսքով, սակայն, ես դեմ եմ ցանկացած պետական հեղաշրջման և պետության ոչնչացմանն ուղղված գործողություններին»,-ասել է Մարտինովը:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովն ընտրելու է ՀՀ վարչապետին: Խորհրդարանում մեծամասնություն կաղմող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ընդդիմությունը փորձելու է շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը: