17 ապրիլի 2018 - 11:03 AMT
Ոստիկանությունը կոչ է անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել Երևանում 5-րդ օրը շարունակվող հավաքը ցրելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ է անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին: Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին:

Հայտարարությնա մեջ ասվում է, որ հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը անտեսել է հավաքը դադարեցնելու մասին որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիզորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը:

Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները՝ հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովն ընտրելու է ՀՀ վարչապետին: Խորհրդարանում մեծամասնություն կաղմող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ընդդիմությունը փորձելու է շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: