18 ապրիլի 2018 - 10:27 AMT
Անջեյ Կասպրշիկն ու Բակո Սահակյանը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ևս ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։