Շարունակվում է ընդդիմության քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներում՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Երթը հասել է Տիգրան Մեծի պողոտա: Վարորդները ողջունում են երթի մասնակիցներին ազդանշաններով:
Ավելի վաղ, ցուցարարները շրջափակել էին Բաղրամյան 26-ն ու Ազգային ժողովի շենքը, իսկ հետո երթով հասել էին Երևանի պետական համալսարան:
17:42 Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:
16:54 ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցությունը հայտարարել է, որ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Կարեն Սիմոնյանը այցելել են ոստիկանական բաժանմունքներ։ ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման է ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։ Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների կարգավիճակը փոխվել է և նրանք ներգրավվել են որպես վկաներ։
Էրեբունի բաժնում բերման է ենթակվել 15 քաղաքացի, որոնցից երեքը չի նշել իր անունը։
16:39 Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարության շենքի մոտից գնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ քննարկեոլւ հետագա անելիքները:
16:24 Ցուցարարները ԱԳՆ շենքի՝ կառավարության 2-րդ մասնաշենքի բակում են:
14:52 Ոստիկանները Մաշտոցի պողոտայում բերման են ենթարկում ճանապարհն արգելափակել փորձող ցուցարարներին:
14:40 Ցուցարարները հասել են Երևանի քաղաքապետարանի մոտ են:
14:15Փաշինյանն ասում է ՝ Ֆրանսիայի հրապարակում ցուցարաների շարքերում սադրիչներ կան:
14:11 «Մենք համոզված ենք, որ ի վիճակի ենք «թավշյա» և խաղաղ հեղափոփություն իրականացնել: Ես չեմ մտահոգվում, որ շարժումը «կմաշվի», քանի որ այս պրոցեսը տարածվում է ՀՀ-ում և Սփյուռքում, այն շուտով լուծելու է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշանության հարցը: Սերժ Սարգսյանը սովորական ռեժիմով չի աշխատելու՝ նա կամ շրջափակված է լինելու ոստիկանների փշալարերով, կամ ցուրարարներով», - լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
14:03 Այժմ երթը հասել է Արշակունյաց փողոց, որտեղ ի նշան Գավառի համալսարանի ուսանողների և դասախոսների աջակցության, ցուցարարները արգելափակեցին փողոցը:
14:00 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գավառի պետական համալսարանի ներսում բռնությամբ պահվում են ուսանողներն ու դասախոսները:
«Նրանց առջև փակել են դռները՝ թույլ չտալով դուրս գալ համալսարանից: Նրանք ներսում դասադուլ են իրականացնում», - ասել է Փաշինյանը՝ կոչ անելով ուսանողներին և դասախոսներին դուրս գալ, «քայլ անել և մերժել Սերժին»: