19 ապրիլի 2018 - 18:03 AMT
Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն նվիրված առանձնատնից

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը:

«Հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանի խնդիրը լուծելու ժամանակը չէ։ Շնորհակալություն կառավարության հարգելի անդամներ, բայց այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ», - կառավարության նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ, կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: