Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող բողոքի երթի ժամանակ Ռադիոտուն ներխուժած ակտիվիստներից Տիգրան Մազմանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին է հայտնում aysor.am-ը՝ հղում անելով Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցելը): Հոդվածը 3-8 տարվա ազատազրկում է նախատեսում։
Փաշինյանը ապրիլի 18-ին հայտարարել էր, Ռադիոտուն մտնելու հետ կապված բոլոր որոշումները կայացրել է անձամբ ինքը․ «Եթե բան ունեք ասելու, ասեք անձամբ ինձ և բաց թողեք այդ տղաներին», - ասել էր նա։
Դեպքի առիթով մյուս ձերբակալվածը՝ անչափահաս Էրիկ Խաչատրյանը, կհանձնվի ծնողի հսկողությանը, գրում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Խաչատրյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանին։
Ապրիլի 14-ին «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամները Մաշտոցի պողոտայից շարժվել են դեպի Ալեք Մանուկյան և ներխուժել են Հանրային ռադիոյի մասնաշենք: Շենքում մի քանի հարյուր ցուցարար կար: Նրանք պահանջել են ուղիղ եթեր տրամադրել ցույցերի վերաբերյալ հայտարարություն տարածելու համար, սակայն նրանց պահանջը չի բավարարվել՝ փոխարենը Փաշինյանին երեկոյան ժամին ուղիղ եթերում հարցազրույց են առաջարկել, սակայն նա մերժել է առաջարկը։