31 մարտի 2008 - 16:09 AMT
Հայաստանի նախկին նախագահը «Ագո»-ի խմբին է ներկայացրել մարտի 1-ի իրադարձությունների իր վարկածը
Հայաստան կատարած այցի ընթացքում «Ագո»-ի խումբը հանդիպել է ինչպես իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմության հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է խմբի ղեկավար Պեր Սյոգրենը: Նրա խոսքերով, մարտի 30-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի նախկին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: «Հանդիպումն իր խնդրանքով կայացել է Լ.Տեր-Պետրոսյանի տանը: Նախկին նախագահը ներկայացրել է մարտի 1-ի իրադարձությունների իր վարկածը, երբ ոստիկանությունը ցրեց ընդդիմության հանրահավաքը: Մենք հանդիպեցինք նրա հետ կատարվածի ամբողջական պատկերն ունենալու համար: Տեր-Պետրոսյանը համաձայնվեց Եվրոպայի Խորհրդի առաջարկներին, համարելով դա իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակ»,-ասել է շվեդ դիվանագետը: