20 ապրիլի 2018 - 12:17 AMT
Ահարոնյան. քաղհագուստով բերման ենթարկողները ոստիկանության ծառայողներ են

Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արելՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր», - գրում է Ահարոնյանը:

Նրա խոսքով, ոստիկանությունը պարզաբանում է հավաքի իրավախախտ մասնակիցներին, որ ոստիկանության կողմից վերը հիշատակված բազմաթիվ նախազգուշացումները, կոչերը և հայտարարությունները դրանք հրապարակելու ուժով արդեն իսկ հանդիսանում են «պաշտոնապես ներկայացված օրինական պահանջներ, որպիսի փաստի առկայությամբ՝ դրանց չկատարումը իրավաչափորեն հանգեցնելու է բացասական իրավական հետևանքների»: