20 ապրիլի 2018 - 16:23 AMT
Լապշինը շնորհակալ է Փաշինյանին իր ազատման պահանջով ակցիայի համար

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա «Երկիր Մեդիայի» եթերում շնորհակալություն է հայտնել հայկական կողմին իրեն ազատելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև Նիկոլ Փաշինյանին՝ իր ազատման պահանջով ամիսներ առաջ Բելառուսի դեսպանատան դիմաց ակցիա կազմակերպելու համար:

Լապշինը Հայաստանում ՝ մասնակցելու Երևանում բացված Զբոսաշրջության ցուցահանդեսին:In Tour Expo 2018 ցուցահանդեսում Լապշինը պատմելու է իր ճամփորդությունների մասին:

Լապշինը խոսել է նաև Ադրբեջանի բանտում անցկացրած ամիսների մասին:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել էին Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լապշինը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ, ընդդեմ Ադրբեջանի: