1 ապրիլի 2008 - 13:38 AMT
Ռ. Քոչարյան. Այսօր Ղարաբաղի գործընթացն ավելի բարենպաստ փուլում է, քան 10 տարի առաջ
Մարտի 31-ին կարճաժամկետ աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ապա կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ: ԼՂՀ կառավարության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկայացրել է պետական ծրագրերը, որոնք իրականացվում են հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում: Նրա խոսքերով, տվյալ պահին պետական եւ բարեգործական միջոցներով էական բարեփոխումներ եւ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, ճանապարհային շինարարության, ոռոգման եւ այլ բնագավառներում:
Իր խոսքում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին երկու հանրապետությունների համագործակցությունը ավելի սերտ է դարձել: Ընդ որում, խոսնակը վստահություն է հայտնել, որ անկախ իր ապագա գործունեության բնագավառից Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է էական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եւ հայ պետականության ամրապնդման գործում:
ՀՀ նախագահը ներկայացրել է իր տեսանկյունը այն ուղղությունների եւ սկզբունքների վերաբերյալ, որոնց հիման վրա պետք է զարգանան ԼՂՀ տնտեսությունը եւ խորանան ՀՀ եւ ԼՂՀ կապերը: Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաեւ ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, վստահություն հայտնելով, որ ժողովուրդն ու երկիրը դրանից ավելի իմաստուն դարձած:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին` ՀՀ գործող նախագահը նշել է, որ այսօր Ղարաբաղի գործընթացն ավելի բարենպաստ փուլում է, քան 10 տարի առաջ: