21 ապրիլի 2018 - 17:42 AMT
Արմեն Սարգսյան․ Պատրաստ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանըհերթական հայտարարությունն է տարածել Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ, որում հայտնել է պատրաստակամությունը՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով։

«Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել եւ սթափ մտածել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը», - ասել է նա:

«Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ եւ որպես հայ մարդ: Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն եւ պատասխանատվություն, խստորեն հետեւել օրենքի ոգուն եւ տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից», - նշել է նախագահը:

Իր խոսքերով, քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ: «Ցավոք, մենք դրա փորձն ունենք եւ թույլ չպետք է տանք այն կրկնվելու։ Չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը», - նշել է նախագահը:

Ավելի վաղ Փաշինյանին բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկ էլ արել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Փաշինյանն ասել էր, որ պատրաստ է քննարկել Սարգսյանի հեռանալու պայմանները։