21 ապրիլի 2018 - 21:04 AMT
Եվրոպայի խորհրդի ու հանձնաժողովի նախագահները շնորհավորել են Սերժ Սարգսյանին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

«Ակնկալում ենք շարունակել Ձեզ հետ համագործակցությունը Ձեր նոր պաշտոնում, մասնավորապես նոր Համաձայնագրի իրականացման, ներառյալ՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս համատեքստում, մենք հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն հարգելու քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենսդրությանը համապատասխան»,- մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում, հայտնում է վարչապետի կայքը:

«Ապավինում ենք Ձեր շարունակական դրական ներգրավվածությանը Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև մեր ընդհանուր ջանքերին՝ միտված անվտանգության, կայունության, ժողովրդավարության և բարեկեցության ամրապնդմանը Հայաստանում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում», - նշվում է շնորհավորանքում: