23 ապրիլի 2018 - 00:20 AMT
ՀԱԿ-ն աջակցությունն է հայտնել խաղաղ ցույցերին

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունն աջակցությունն է հայտնել հանրապետությունում ընթացող Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մասսայական բողոքի ցույցերին։

«Բողոքի այս ցույցերը կրում են բացառապես խաղաղ, ժողովրդավարական բնույթ․․․Պոռթկումը ճնշելու նպատակով իշխանությունը գնաց անխոհեմ և չափազանց վտանգավոր քայլի։ Ձերբակալվեցին շարժման առաջնորդները և հարյուրավոր ակտիվիստներ, ձեռնարկվում են ոստիկանական պատժիչ գործողություններ, գործի են դրվում կրիմինալ բանդաները, որոնք հարձակումներ են կատարում խաղաղ ցուցարարների վրա», - ասվում է հայտարարությունում։

«Նման գործողությունները հիշեցնում են իշխանության գործելաոճը 2008թ․-ի մարտի 1-ից առաջ։ Երբ զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներից հարկադրաբար մեկուսացվում են շարժման առաջնորդները, իշխանությունը կանխամտածված ստեղծում է գործընթացները անկառավարելիության հուն տեղափոխելու պայմաններ։ Իսկ երբ երկրի փաստացի ղեկավարը նաև հրապարակայնորեն սպառնում է ցուցարարներին մարտի 1-ի կրկնությամբ, այդ պահից սկսած նա ըստ էության ստանձնում է թե՛ 2008 թ․-ի մարտի 1-ի ոճրագործության, և թե՛ ապագա հնարավոր վտանգավոր զարգացումների պատասխանատվությունը», - նշվում է հայտարարությունում։ Կոնգրեսը պահանջում է իշխանություններից ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, բողոքի ակցիաների մյուս կազմակերպիչներին և ակտիվիստներին, և իրավիճակը կարգավորել բացառապես քաղաքական, խաղաղ մեթոդներով։