23 ապրիլի 2018 - 15:24 AMT
ՌԴ տուրօպերատորներ. ՌԴ-ից այցերը ՀՀ չեն չեղարկվում, բայց տուրփաթեթների վաճառքը զգալի նվազել է

ՌԴ զբոսաշրջիկները չեն չեղարկում արդեն գնված տուրփաթեթները դեպի Հայաստան այնտեղ շարունակվող բողոքի ցույցերի պատճառով, սակայն վաճառքը զգալիորեն նվազել է: Այդ մասին ապրիլի 23-ին հայտնել է ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիան:

«Երևանում բողոքի ցույցերի պատճառով զբոսաշրջային տուրերի չեղարկման ոչ մի դեպք չի եղել: Հիմնական խմբակային տուրերն ամրագրված են մայիսյան տոների համար, ուստի, զբոսաշրջիկները չեն շտապում չեղարկել ուղևորությունները՝ հուսալով, որ մինչ այդ իրավիճակը կշտկվի: Տուրօպերատորները հայտեր չեն ստացել տուրերը վաղաժամ դադարեցնելու մասին»,-ասել են ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիայում, գրում է «Ինտերֆաքս-Տուրիզմը»:

Ասոցիացիայում նշել են, որ տուրօպերատորներն այնպես են կառուցում ծրագրերը, որ էքսկուրսիոն երթուղիները չանցնեն բողոքի ակցիաների վայրով:

«Միևնույն ժամանակ, տուրերի վաճառքները դեպի Հայաստան նվազել են: Եթե նախկինում տուրօպերատորները շաբաթական տասնյակ հայտեր էին ստանում, ապա անցած շաբաթ որոշ դեպքերում վաճառքը լիովին դադարեցվել է»,-ասել են գործակալությունում:

2017-ին, ըստ Ռոսստատի, ՀՀ է այցելել 368.000 ՌԴ քաղաքացի, ինչը 27,8%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: