23 ապրիլի 2018 - 14:44 AMT
Հրանտ Մարգարյանը տեսակցել է Փաշինյանին. Հանդիպումը հույս է ներշնչում, որ երկխոսությունը կկայանա

Ապրիլի 23-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ: Այդ մասին ասվում է ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Դաշնակցությունն անցած օրերի ընթացքում երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջև կանգնած այս թնջուկի լուծման շուրջ:

Ասվում է նաև, որ Դաշնակցությունը, համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաև դեմ է, երբ վերջնագրեր են ներկայացվում: Անհրաժեշտ է, առիթ ստեղծել, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, լուծումը գտնվի ու երկիրը չենթարկվի ցնցումների:

Հրանտ Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Հայաստանում 11-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։

Դրան հետևած ցույցի ընթացքում պատգամավորներ Փաշինյանը, Միքայելյանը, Միրզոյանը ձերբակալվել են։