24 ապրիլի 2018 - 10:18 AMT
Մակրոնն ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին. Ցեղասպանության դասերը վերաբերում են յուրաքանչյուրին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ուղերձում ասվում է.«Պարոն նախագահ, Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում եւ 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից եւ հյուծվածությունից:

Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի եւ Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերը, ընդունեց բազմաթիվ վերապրողների: Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռեւս 1915թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ ոճիր: 1915թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականի», հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ցեղասպանության հիշողությունը և նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին:

«Հայոց ցեղասպանության հիշատակի 103-րդ տարելիցի այս օրը Ձեզ և Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ և բարեկամական մտորումները: Խնդրում եմ, պարոն նախագահ, ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»,-ասված է ուղերձում: