2 ապրիլի 2008 - 13:17 AMT
Արազ Ազիմով. Մենք գոհ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից
Քվեարկելով ՄԱԿ-ի ԳՎ-ում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի ընդունման դեմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խախտեցին չեզոքության սկզբունքը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Համանախագահների հավաստիացումներն այն մասին, թե դեմ լինելով փաստաթղթի ընդունմանը, նրանք, իբր, ջանում էին օբյեկտիվություն պահպանել, չի արտացոլում գործերի իրական վիճակը»-ընդգծել է նա: Փոխնախարարը նշել է նաեւ, որ պաշտոնական Բաքվի հարցապնդումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին փոխելու վերաբերյալ նախազգուշական բնույթ է կրում:
«Համանախագահները պետք է իրենց համար եզրակացություններ անեն այդ ուղերձից: Մենք գոհ ենք ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից, սակայն նրանց ձեռնարկած վերջին քայլերը մեր դժգոհությունն են հարուցել: Գտնում ենք, որ լիովին չի օգտագործվել Մինսկի խմբի ներուժը, եւ համանախագահները սեփականացրել են խաղաղ բանակցությունները»,-ընդգծել է Ա.Ազիմովը:
Նրա խոսքերով, բանակցային գործընթացի միջնորդների կողմից 4 տարի առաջ ներկայացված առաջարկությունների փաթեթում հիմնական տեղն էր զբաղեցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման բանաձեւը: «Եթե դա այդպես չլիներ, պաշտոնական Բաքուն կհրաժարվեր բանակցություններից: Այդ առաջարկություններում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, եւ ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ հայերը իրավունք են ստանում բնակվելու այդ տարածքում»,-ասել է Ա.Ազիմովը:
Նշելով, որ Լաչինի միջանցքը կարեւոր նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, Ազիմովն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն առաջարկում է երկուստեք օգտագործել Լաչինի միջանցքն այն պայմանով, որ այն կմնա Ադրբեջանի կազմում: Նրա խոսքերով, այդ մասին հայտնի է եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, եւ այդ հարցը կարող է դառնալ քննարկման առարկա հետագա բանակցություններում, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: