24 ապրիլի 2018 - 11:57 AMT
Սահակյանն ու Կարապետյանը կարևորել են կայունության պահպանման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության պահպանման եւ բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը: