24 ապրիլի 2018 - 12:08 AMT
ԱՄՆ դեսպան. Սերժ Սարգսյանն առաջնորդի քայլ արեց

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհ է Հայաստանում տեղի ուենցող իրադարձությունների հանգուցալուծումից։«Ուզում եմ Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի, ցուցարարների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի առաջնորդության ներքո դուրս եկան ու խաղաղ, կանոնավոր կերպով իրենց դժգոհությունը, բողոքը հայտնեցին», - լրագրողների հետ զրուցյում ասել է Ռիչարդ Միլսը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը գնահատում է նաև կառավարության, ոստիկանության ու անվտանգության ուժերի աշխատանքը։ Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը առաջնորդի քայլ էր, հայտնում է Aysor.am-ը:

«Ուզում եմ նաև գովեստով արտահայտվել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, որը հանդես բերեց մեծ առաջնորդություն, որը, լսելով հայ ժողովրդի ձայնը, կայացրեց դժվարին որոշում, որը, վստահ եմ, հեշտ որոշում չէր», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

«Ես ուզում եմ նաև գովեստով արտահայտվել կառավարության, ոստիկանության, անվտանգության ուժերի մասին, ովքեր վերջին տասնմեկ օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն և արհեստավարժություն։ Եղել են արժանահավատ հաղորդումներ բռնության որոշ դրսևորումների մասին ցուցարարների դեմ, նաև՝ լրագրողների դեմ։ Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն և մեղավորները պատժվեն օրենքով սահմանված կարգով», - նշել նա։

Նա նշել է, որ առաջիկա օրերին կաշխատեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ «Նպատակն այժմ այն է, որ ողջ հայ ժողովուրդը միատեղվի, միասին երկխոսություն ծավալեն ու ընդհանուր հայտարարի գան։ Դա պետք է իրականացվի երկխոսության, բանակցությունների միջոցով, որին պետք է ներգրավված լինեն հայաստանյան հասարակության բոլոր օղակները», - ընդգծել է Միլսը։

Նա նշել է, թե կարևոր է, որ այժմ էլ Հայաստանում ժողովուրդը կարողանա գալ ընդհանուր հայտարարի խաղաղ պայմաններում։ «Որ այս դրական, խաղաղ միջավայրում կարողանան որոշել իրենց հետագա անելիքները։ Ես դրական եմ տրամադրված այն առումով, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը, եթե միասնական լինի», - հավելել է ԱՄՆ դեսպանը։

Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը: