24 ապրիլի 2018 - 13:39 AMT
Տորոնտոյում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, 10 զոհ կա. Վարորդը հայ էր

Ապրիլի 23-ին կանադական Տորոնտոյում բեռնախցիկով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների: Այդ մասին հայտնել է տեղական ոստիկանությունը Twitter-ի իր միկրոբլոգում: Միջադեպը տեղի է ունեցել կենտրոնին հարող թաղամասում՝ ավտոմեքենան մայթ է բարձրացել:

Ըստ ոստիկանության տվյալների, 10 մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, 5-ի վիճակը կրիտիկական է, հայտնում է Deutsche Welle-ն:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ վարորդը ձերբակալվել է, այլ կասկածյալներ չկան: Ըստ CBC-ի, կասկածյալը, որի անձը հաստատվում է, կապ չունի որևէ ահաբեկչական խմբավորման հետ:

Կասկածյալը 25-ամյա Ալեքս Մինասյանն է Տորոնտոյի արվարձան Ռիչմոնդ-Հիլլից, նախկինում ոստիկանությունում հաշվառված չի եղել: Ըստ իրավապահների, նա միտումնավոր է ավտոմեքենան ուղղել մարդկանց վրա: Այնուամենայնիվ, հանրային անվտանգության նախարար Ռալֆ Գուդեյլը հայտարարել է, որ այդ «մասնավոր պատահարի» պատճառով, երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք չկա: