24 ապրիլի 2018 - 15:53 AMT
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ՀՀ նոր կառավարության հետ

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել ՀՀ նոր կառավարության հետ, որը կգա փոխարինելու Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարությանը: Այդ մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչն ասել է ՌԻԱ Նովոստիին:

«Մենք շնորհակալ ենք վարչապետ Սարգսյանին նրա բազմամյա գործունեության և հայ-ամերիկյան ամուր գործակցության մեջ ունեցած ավանդի համար: Ակնկալում ենք, որ նրա հետնորդը հայտնի կդառնա ժողովրդավարական գործընթացի արդյունքում, որը կիրականացվի թափանցիկ, ըստ Հայաստանի օրենքների և միջազգային պարտավորությունների: Մենք հուսով ենք, որ սերտ կգործակցենք նոր կառավարության հետ»,- գրել է նա:

Ապրիլի 23-ին՝ ընդդիմության 11 օր շարունակվող բողոքի ակցիայի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: