2 ապրիլի 2008 - 13:57 AMT
Բուխարեստում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Այսօր Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի շարքում են` նոր անդամների հրավերը եւ Աֆղանստանում ընթացող գործողության ապագան: Եվ մեկը, եւ մյուսը դեռեւս տարաձայնությունների առարկա են: Աֆղանստանն այն առումով, թե որքան զինծառայողներ եւ աֆղանական որ նահանգ են գործուղվելու: Իսկ այն երեք երկրներից, որոնք կարող են դաշինքին անդամակցելու պաշտոնական հրավեր ստանալ, Հունաստանը մինչեւ վերջին պահը համաձայն չէր Մակեդոնիայի անդամակցությանը, քանի որ երկրի անվանումն անընդունելի է Աթենքի համար: Պակաս տարաձայնություններ չի առաջացնում նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրի հատկացման հարցը Ռուսաստանի երկու հարեւան երկրներին` Վրաստանին եւ Ուկրաինային: Հանդիպմանը կքննարկվի նաեւ ՆԱՏՕ-ի հայեցակարգը 21-րդ դարում եւ կիբերնետիկ ու էներգետիկ անվտանգության հարցեր:

Գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության կազմում են նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձիք: Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: