24 ապրիլի 2018 - 20:18 AMT
Փաշինյան. ՀՀԿ-ից ոչ ոք չի կարող լինել վարչապետի թեկնածու (Թարմացվող)

Իշխող ՀՀԿ-ից ոչ ոք չի կարող լինել վարչապետի թեկնածու: Այս մասին միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀԿ-ն չպետք է փորձի պահել իշխանությունը, միակ պայմանը բանակցության կարող է լինել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը: Մենք պնդում ենք, որ մեր բանակցություններին պետք է մասնակցեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահը և ՀԿԿ խմբակցության ղեկավարը, այլապես բանակցություններն անիմաստ են», - ասել է նա:

Պատասխանելով վրացի լրագրողի հարցին՝ պատրա՞ստ եք վարչապետ դառնալ, Փաշինյանն ասաց՝ այո, եթե ժողովուրդը նման ցանկություն արտահայտի։

Ռուս լրագրողը հարցնում է՝ ՀՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել, ինչու՞ եք զրկում նրանց ձայնի իրավունքից։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ընդդիմության շարժումը վայելում է հասարակության 90%-ի աջակցությունը:

«Դա նույն բանն է, ինչ ասել է Սարգսյանը՝ ուժը, որը 7% է հավաքել, չի կարող խոսել ժողովրդի անունից», - ասում է Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ի կառավարման ժամկետը վերջացել է ՀՀ-ում, և այն վերակենդանացնելու յուրքանչյուր փորձ ոչ մի տեղ չի տանում:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստ է արդյոք Փաշինյանի կուսակցությունը կառավարել երկիրն իր մարդկային ռեսուրսներով, Փաշինյանը պատասխանել է. «Մենք, իհարկե, պատրաստ ենք առաջնորդել մեր երկիրը և մենք վստահ ենք»: Նա նաև հավելել է, որ իշխանափոխության դեպքում երկրի ղեկավարմանը հնարավոր է ներգրվվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Փաշինյանը պատասխանել է նաև ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին: Նա ասել է, որ կատարվածում աշխարհաքաղաքական որևէ ուժ ներգրվված չէ:

«Ես հույս ունեմ, որ այդ ուժերը հասկանում են սա: Իհարկե մենք պատրաստ ենք խոսել Հայաստանի և ՌԴ-ի, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-Վրաստան հարաբերությունների ապագայի մասին: Մենք միշտ պաշտպանելու ենք նաև ԼՂՀ շահը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործընթացում ամենակարևորը ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային շահն է:

Անդրադառանալով ՀՀ-ի և ՌԴ–ի միջև հարաբերությունների մասին հարցին, Փաշինյանն ասել է, որ կասկած չկա, որ այս երկու երկիրը բարեկամական պետություններ են:

«Սա չի նշանակում, որ մեր հարբերություններում խնդիրներ չկան, մեր նպատակը այդ խնդիրները քննադատելը չէ, այլ լուծելն է բանկցությունների միջոցով, և ես վստահ եմ, որ դրանք կստացվեն: Խնդիրները կապված են ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների շահերի հետ, մեր տարածաշրջանի հետ, ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենքի վաճառքի հետ, ինչի արդյունքում խախտվել է ռազմական հավասարակշռությունը», -ասել է նա՝ հավելելով, որ երկու երկրի միջև անլուծելի խնդիր չկա:

«Օրինականության հաստատումը նշանակում է նաև անմեղության կանխավարկած, ինչը նշանակում է որ այդ կանխավարկածը գործում է նաև հակառակորդների համար», - նման կերպ է արտահայտվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք Սերժ Սարգսյանի դատական հետապնդումը։

Նա հիշեցրել է, որ ասել է՝ վենդետաներ չեն լինելու։ «Մենք կարող ենք շատ բան մտածել՝ և մտածում ենք, բայց մի բան է մտածելը, մի բան՝ ապացուցելը․․․ որևէ մեկը չպիտի ապացուցի իր անմեղությունն, այլ ընդհակառակը՝ պիտի ապացուցվի ինչ-որ մեկի մեղավորությունը, և այդ սկզբունքը պիտի աշխատի 100 տոկոսով։ Հակառակ դեպքում, ամենն անիմաստ է, ի՞նչ իմաստ անել ամեն ինչ նույն ձև, ինչ նախկինում», - ասել է նա։

Նա պնդել է նաև, որ Մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտվեն, և դա շատ կարևոր հանգամանք է։ Նա ասել է, որ սպանություններն անպայման հետաքննվելու են, սակայն ինքը դատախազ և դատավոր չէ՝ մեղավորներին նշանակելու համար։

Փաշինյանն ասում է՝ ընտրությունները կանցնեն ամենակարճ ժամկետում, այդ ընթացքում պետք է լրջորեն բարեփոխվի ընտրական օրենսգիրքը և ընտրական համակարգը, որը կերաշխավորի ազատ և ժողովրդավարական ընտրություններ ՀՀ-ում:

Աշխարհաքաղաքական կողմոնորշման մասին հարցին անդրադառնալով, Փաշինյանն ասաց, որ ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ են, ոչ էլ իրանամեպ:

«Մենք ելնում ենք ՀՀ-ի շահերից, իսկ սա նշանակում է, որ մենք չափազանց բարձր ենք գնահատում հայ-իրանական, հայ-ռուսական, հայ-ամերիկյան, ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում զարգացնել մեր հարբերությունները աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի հետ՝ ի հաշվի այլ երկների հետ հարաբերությունների»- ասել է Փաշինյանը: