25 ապրիլի 2018 - 10:37 AMT
«Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը» կմիանան Փաշինյանի գործողություններին

Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի գործողություններին ապրիլի 25-ին կմիանա նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որի նախագահը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն է։ Նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքայն էջում:

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ին հայտարարել է, որ ապրիլի 25-ին ժամը11:00-ին հավաք է հրավիրում Հանրապետության հրապարակում:

«Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին», - ասված է գրառման մեջ։

Բողոքի գործողություններին կմիանա նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա. տեղեկությունը հաստատել է թե ընդդիմությունը,թե իշխանությունը՝ ամենքն իր տեսակետը հայտնելով հանդիպման տապալման պատճառների մասին: