25 ապրիլի 2018 - 11:06 AMT
ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ:

Հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել»:

Նա նշել է, որ այդ իմաստով չափազանց կարևոր է կողմերի միջև երկխոսության մեկնարկը:

«Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանի հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին: Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են: Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջև»:

«Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»,-ասել է նա:

Ապրիլի 24-ին պարզ դարձավ, որ Փաշինյանի ու Կարապետյանի պլանավորված բանակցությունները տապալվել են։ Իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։