25 ապրիլի 2018 - 11:51 AMT
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչ է անում

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործության հետ առերեսումը կարևոր քայլ կլինի հասարակությունում խաղաղություն հաստատելու համար:

Շեշտվում է, որ ապրիլի 24-ին նշվում է Մեծ եղեռնի՝ էթնիկ և կրոնական ցեղասպանության 103-րդ տարելիցը, հայտնում է Ermenihaber-ը:

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ հայերի տեղահանությունը և կոտորածը սկսվել է 103 տարի առաջ ապրիլի 24-ին, երբ ավելի քան 200 մտավորականներ իրենց տներում ձերբակալվեցին ու աքսորվեցին:

«Այդ աքսորի և կոտորածի քաղաքականության հետևանքով այս տարածաշրջանում բնակվող մյուս քրիստոնյա ժողովուրդներն էլ տուժեցին: Մենք, որպես ԺԴԿ, խոնարհվում ենք սպանված հայ, ասորի և Պոնտոսի հույների հիշատակի առջև»,-ասվում է հայտարարության մեջ:

Կուսակցությունն ափսոսանք է հայտնել, որ երկիրն ամայացրած հանցագործության հետ առերեսվելու հարցում Թուրքիայի ժողովուրդները շատ են ուշացել, որի հետևանքների համար շատ ծանր են վճարում:

«Որպես Անատոլիայի հինավուրց ժողովուրդների թոռներ՝ կիսում ենք 103-ամյա վիշտը, ամոթը և մարդկային ողբերգությունը ամբողջ սրտով զգում ու հարգում ենք զոհերի հիշատակը»: