25 ապրիլի 2018 - 14:32 AMT
Կրեմլում շարունակում են հետևել ՀՀ-ում զարգացումներին

Կրեմլում շարունակում են հետևել իրադարձությունների զարգացմանը Հայաստանում և հուսով են, որ հակամարտող կողմերը կկարողանան կոնսենսուսի գալ առաջիկայում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ապրիլի 24-ին պարզ դարձավ, որ Փաշինյանի ու Կարապետյանի պլանավորված բանակցությունները տապալվել են։ Իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է և հուսով ենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել իրավիճակը և կայուն կոնսենսուսային լուծում կգտնեն արդեն մոտ ապագայում: Մենք շատ ուաշդիր հետևում ենք իրավիճակին»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 24-ին Պեսկով ասել էր, որ Կրեմլում հուսով են, որ ներքաղաքական կայունությունը Հայաստանում կպահպանվի և հայ ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի կոնսենսուս կլինի, ինչպես նաև, որ առաջիկայում հասկանալի կդառնա քաղաքական ուժերի կառուցվածքն այդ երկրում: