25 ապրիլի 2018 - 16:07 AMT
ՊԵԿ. ՀՀ բոլոր մաքսակետերը բնականոն աշխատում են

Հանրապետության բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում: Այդ մասին ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ:

«Ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր գլխավորած երթի ժամանակ տեղեկացրել է, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ, ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում», - ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը: