2 ապրիլի 2008 - 16:10 AMT
Հայաստանի նախկին նախագահի 20 կողմնակիցներ հացադուլ են հայտարարել
Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալված կողմնակիցները հայտարարությամբ են հանդես գալիս, որում կոչ են անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել անօրինական գործողություններն եւ բռնության կիրառումը անմեղ քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաեւ անմիջապես վերանայել նրանց ներկայացված մեղադրանքները:

«Եթե մեր պահանջները չկատարվեն, եւ անհապաղ չվերանայվեն մեզ մեղսագրված հանցագործությունները, մենք` քաղաքական բանտարկյալներս, ապրիլի 2-ից մեկ օրյա հացադուլ ենք հայտարարելու, իսկ ապրիլի 9-ից` անժամկետ»,- ասվում է առաջին նախագահի կողմնակիցների հայտարարության մեջ: Նրանք նաեւ նշում են, որ իրենք հրաժարվել են նախաքննության հետ համագործակցելուց` համարելով, որ մեղսագրված ՀՀ Քր. օր. 300 եւ 225 հոդվածները թելադրված են վարչապետի եւ նախագահի կողմից:

«Համոզված ենք, որ արդարությունը կհաղթանակի, եւ ի վերջո կպարզվի ողջ ճշմարտությունը, իշխանությունը յուրացնողներն ու իրական մարդասպանները կկանգնեն դատարանի առջեւ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Մյասնիկ Մալխասյանը, Խաչիկ Սիմոնյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովիկ Հարությունյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Սամվել Աբովյանը, Արթուր Շահնազարյանը, Սուրեն Սուրենյանը, Իսահակ Մալխասյանը, Աշոտ Զաքարյանը, Սմբատ Այվազյանը, Շոթա Սաղաթելյանը, Ալեքսան (Հենրիկ) Վարդանյանը, Արարատ Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը, Մասիս Այվազյանը, Պետրոս Մաքեյանը, Վահագն Հարեյանը: