25 ապրիլի 2018 - 17:36 AMT
Սարգսյանը զեկուցել է Կարապետյանին՝ ԶՈւ-ն շարունակում է իրականացնել իր գործառույթները

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք է արվի հայկական զինված ուժերի շարունակական արդիականացման և բանակի էլ ավելի հզորացման համար, հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը։

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու:

Ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը: