25 ապրիլի 2018 - 18:28 AMT
ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից

ՀՅԴ-ն դադարեցնում է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը՝ «հաշվի առնելով առկա իրավիճակը»։ Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակում», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձևավորած կառավարության մշակած՝ պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի «լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, հաղթահարել քաղաքական ճգնաժամը, հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը, լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։