26 ապրիլի 2018 - 20:04 AMT
Կարապետյան-Պուտին հեռախոսազրույցում ընդգծվել է ՀՀ-ում իրավիճակի կարգավորումն իրավական դաշտում

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այդ մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է լինի բացառապես իրավական դաշտում, «գործող Սահմանադրության շրջանակում և 2017-ի ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա»: Այդ համատեքստում շեշտվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը:

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, Հայաստանի սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի, վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: