27 ապրիլի 2018 - 10:09 AMT
Սողոմոնյան. Ջիգարխանյանը կոմայի մեջ չէ, բայց մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի

Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում՝ մյուս շաբաթ նա արդեն կկարողանա թատրոն վերադառնալ: Այդ մասին հայտարարել է նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը՝ հերքելով լուրերն այն մասին, թե դերասանը կոմայի մեջ է:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ տարածվեցին բժշկական աղբյուրների վրա հղումով, թե Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է և կոմայի մեջ է: Սողոմոնյանը հայտարարել է, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է, քանի որ թուլություն էր զգում, սակայն, նրա վիճակը նորմալ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Առաջին հետազոտությունները կրիտիկական խանգարումներ չեն հայտնաբերել, սակայն, կան որոշակի խնդիրներ: Առաջիկա մի քանի օրը նա կմնա հիվանդանոցում: Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ կկարողանա թատրոն վերադառնալ»,-ասել է Սողոմոնյանը:

Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանը հաստատել է հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին որոշումը: Նախորդ որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները:

Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: