27 ապրիլի 2018 - 16:33 AMT
Երևանում ցույցերի ժամանակ վնասված նստարաններն ու աղբամանները կվերականգնվեն

Երևանի ավագանու նիստի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին տեղեկացրել է, որ վերջին օրերին մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասված քաղաքային գույքը կվերականգնվի:

Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել:

«Բոլորիդ է հայտնի, որ մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասվել են թե՛ աղբամաններ ու նստարաններ և թե՛ քաղաքային այլ գույք: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջաններին արդեն իսկ հանձնարարել եմ գույքագրել հասցված վնասներն ու քայլեր ձեռնարկել դրանք հնարավորին արագ վերականգնելու ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: :