27 ապրիլի 2018 - 17:44 AMT
Աշոտյան. «Սիրո և համերաշխության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի»

«Սիրո և համերաշխության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի» հասարակության: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն: Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում: Չի կարելի ազդարարել ազատւթյան մասին՝ ու ճնշել մնացածի ազատությունը:

Չի կարելի խոսել արդարությունից, երբ գործիքակազմդ սկսում է չտարբերվել հեղափոխական տեռորի գործիքակազմից: Չի կարելի բանակցություններից խոսել, իսկ իրականում կազմակերպել դեբատների ձևաչափ»,-ասվում է գրառման մեջ:

Աշոտյանը գրում է, որ սև ցուցակներին հետո կհաջորդեն երևի անցակալիների ցուցակներ, հետո երևի «գնդակահարման ցուցակներ, հետո երևի սննդամթերքի բաշխման ցուցակներ... »:

«Պետք չէ սևացնել ոչ Նիկոլին, ոչ էլ Կարապետյանին, ոչ էլ որևէ մեկին: Դիպլոմը vs Գազպրոմը շատ թույլ փաստարկներ են: Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այլ հետագա զարգացման ծրագրերի մրցակցություն, ոչ թե հոխորտալ է պետք, այլ լսելու ունակություն ունենալ, ոչ թե զագցմունք է պետք, այլ բանականություն:

Մինչև մայիսի մեկի ԱԺ հատուկ նիստը դեռ կա «ոսկե պատուհան»: Երբ մտնում ես փակուղի, ապա կես քայլ հետ գնալը նահանջ չէ, այլ թունելի վերջում լույս տեսնելու շանս»,-ասվում է պատգամավորի գրառման մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին գրել է, որ ՌԴ պատգամավորները մտադիր են հանդիպել Փաշինյանի հետ: «ՌԴ-ից ժամանած պատգամավորները հայտարարել են, որ ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաստատում եմ հանդիպելու մեր պատրաստակամությունը, խնդրում եմ կապվել ինձ հետ»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալու են վարչապետի ընտրություններ։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵԼՔ-ն առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ խմբակցությունների դիրքորոշումը հայտնի չէ։

Վարչապետ ընտրելու համար պետք է 53 ձայն, ՀՀԿ-ն ունի 58 մանդատ։