28 ապրիլի 2018 - 13:28 AMT
Նաիրի Պետրոսյանը կգլխավորի Սերժ Սարգսյանի գրասենյակը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը կգլխավորի նրա նոր ձևավորվող գրասենյակը: Այդ մասին Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը», -ասվում է գրառման մեջ:

Պետրոսյանը հավելել է, որ գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ:

Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության բողոքի միջոցառումները՝ ընդդեմ գործող իշխանությունների։ Դրանց արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։