28 ապրիլի 2018 - 20:19 AMT
Ծառուկյանը կպաշտպանի «ժողովրդի թեկնածուին» վարչապետի ընտրություններին և ինքը չի առաջադրվի

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու վարչապետի թեկնածու մայիսի 1-ի ընտրություններին։

Այս մասին է հայտնել «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը Facebook-ում։ Նա նշել է, որ Ծառուկյանը սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Քիչ ավելի ուշ, սակայն, Ղազարյանը ջնջել է մեկնաբանությունը։

Ղազարյանի գրառումից քիչ ավելի ուշ ինքը Ծառուկյանը «Կենտրոն» ՀԸ եթերում լրագրողին տված հարցազրույցում հայտնել է, որ ընդդիմության շարժումը ոչ թե մի քանի օրվա, այլ մի վերջին տարիների ՀՀԿ-ի քաղաքականության ու սոցիալական բազմաթիվ բացթողումների արդյունքն էր։

«Ես իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես պաշտպանելու եմ ժողովրդի թեկնածուին, և մենք թեկնածու չենք առաջադրելու», - ասել է նա։

Ղազարյանի ճշտող հարցին այն մասին, որ «ժողովրդի թեկնածուն» Փաշինյանն է, նա ասաց՝ «Նիկոլն ա, Սասունն ա, Արարատն ա՝ նորից եմ ասում, ժողովուրդն ում հայտարարի՝ մի մարդու պես ձայնը տալիս ենք այդ թեկնածուին»։

Խմբակցությունն ունի 31 մանդատ, ԵԼՔ-ը՝ 9։ Վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ է 53 մանդատ։

Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։