3 ապրիլի 2008 - 15:20 AMT
Էրդողանի Շվեդիա կատարելիք այցի իրական պատճառը Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկման կասեցո՞ւմն է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը այցով գտնվում է Շվեդիայում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միությունում, ապրիլի 2-ին նա հանդիպել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի հետ: Հանդիպմանը քննարկվել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը: Սակայն Հայկական ասոցիացիաների միությունը գտնում է, որ դա չէ Էրդողանի այցելության ճշմարիտ պատճառը: Միության նախագահ Վահագն Ավետյանի խոսքերով, ավելի վաղ Շվեդիայի վարչապետը նամակ էր հղել Հայկական ասոցիացիաների միությանը եւ պարզաբանել էր այն պահանջները, որ դրված են Թուրքիայի առջեւ ԵՄ-ին անդամակցելու համար: Սակայն Ավետյանը կասկածում է, որ այդ պահանջներն այդքան մեծ նշանակություն ունեն: «Թուրքիան խախտում է մարդու իրավունքներին, խոսքի եւ դավանանքի ազատությանը, ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող օրենքները: Երկու շաբաթից, ապրիլի 17-ին-ին խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը: Հավանաբար, հենց դա է Թուրքիայի վարչապետի Շվեդիա կատարելիք այցի իրական պատճառը»,-նշել է նա` հիշեցնելով, որ Սոֆիայի մամլո ասուլիսը հետաձգվեց այն պատճառով, որ բուլղարացի պատգամավորը ցանկանում էր Էրդողանին հարց ուղղել Հայոց ցեղասպանության մասին: «Հնարավոր է, Սթոկհոլմ Էրդողանի այցն ուղղված է օրինագծի քննարկումը կանխելուն: Հայտնի է, որ Թուրքիան հսկայական միջոցներ է ծախսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակզադելու համար: Ցանկալի չի, որ Էրդողանի այցն ազդի Շվեդիայի արտաքին քաղաքականության վրա»,-ասել է Ավետյանը: