Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Այդ մասին ասվում է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարության մեջ:
«Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Պետքարտուղարությունը պաշտպանում է բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը:
«Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից», - ասվում է հայտարարության մեջ:
Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին։
Ապրիլի 29-ի կեսօրից ընդդիմությունը կրկին շրջափակում է բոլոր մայրուղիներն ու ճանապարհները։ Այս մասին է հայտարարել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հանրահավաքի ժամանակ։ժամը 19.00 հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում: