29 ապրիլի 2018 - 14:34 AMT
Փաշինյան․ ՀՀԿ-ի կանխատրամադրվածությունն է՝ չխոչընդոտել ժողովրդի վարչապետի թեկնածուի ընտրությանը

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կանխատրամադրված է չխոչընդոտել մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություններին։

Այս մասին, «Ազատության» հաղորդմամբ, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո։

«Եթե կա այդպիսի կանխատրամադրվածություն, առնվազն, կարծում եմ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն», - ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ, իր կարծիքով, արտահերթ մրցակցային խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ակնհայտ է։

Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։