30 ապրիլի 2018 - 13:30 AMT
ԵՄ` ՀՀ-ում իրավիճակի մասին. Կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ երկխոսությունը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները քաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին: Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:

«Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն»,- նշված է հայտարարության մեջ:

Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։