30 ապրիլի 2018 - 16:34 AMT
Զախարովա. ՌԴ համար ՀՀ հետ հարաբերություններն առանձնահատուկ են

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համարում է, որ ՀՀ և ՌԴ հարաբերություններն առանձնահատուկ են: Այդ մասին նա հայտարարել է հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Կիրակնօրյա երեկո» հեռուստահաղորդման եթերում:

Անդրադառնալով այս օրերին Երևանում ծավալվող իրադարձություններին՝ Զախարովան ասել է, որ հայտնած տեսակետը Մոսկվայի ընդհանուր տեսակետն է, ոչ թե իր անձնական կարծիքը:

«Օգտվելով եթերի հնարավորություններից՝ ցանկանում եմ իմաստություն, կամք և աստվածային նախախնամություն մաղթել հայերին: Հնարավոր է, դա դիվանագիտական բառապաշարից չէ, սակայն ժամանակները տարբեր են լինում, և ես ցանկանում եմ հենց դա մաղթել: Եվ ուզում եմ կրկնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար միշտ առանձնահատուկ են եղել»:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ գրելով, որ ՌԴ-ն միշտ Հայաստանի հետ է:«Ազգը, որն ունի ուժ՝ անգամ իր պատմության ամենադժվարին պահերին չմասնատվելու և պահպանելու հարգանք միմյանց նկատմամբ՝ չնայած տարաձայնությունների, հզոր ազգ է», - գրել էր նա: